Կյանք ու կռիվ (ֆիլմ)

«Կյանք ու կռիվ», ռեժիսոր Մհեր Մկրտչյանի 2016 թվականին նկարահանած մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին ֆիլմը՝ նվիրված Արցախի հերոսներին և ՀՀ անկախության 25-ամյակին։

Սյուժե
Ֆիլմը պատմում է 4 ընկերների, որոնց ընկերությունը սկսվել է դեռևս դպրոցական տարիներից, և նրանց 2 քույրերի մասին։ Դեպքերը զարգանում են 1990-1992 թվականներին։ Ֆիլմում ներկայացված է, թե այդ տարիներին ինչպես են դասավորվել չորս ընկերների և նրանց երկու քույրերի ճակատագրերը։ Ֆիլմի 25-ամյա հերոսները, որոնց ընկերությունը ծնվել է դպրոցական տարիներից, ունեցել են տարբեր ճակատագրեր, բայց բոլորի պատմությունը մեկն է՝ Ղարաբաղյան պատերազմը։
Արմենը թարգմանիչ է՝ կադրային զինծառայողի որդի։ Տիգրանը մաթեմատիկայի ուսուցիչ է և դասավանդում է գյուղական դպրոցում՝ բանակում ծառայելուց խուսափելու համար։ Էդուարդը նկարիչ է։ Նրա ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ։ Լևոնը վիրաբույժ է և արդեն երկար տարիներ ապրում է Մոսկվայում, որտեղ նրա հայրը կլինիկա է ղեկավարում։ Ընկերները սիրահարված են Աննային՝ Արմենի քրոջը։ Եվ, որպեսզի ամեն բան ազնվորեն լինի, պայմանավորվում են, որ աղջկա սիրտը գրավելու համար երեքից յուրաքանչյուրն ունի ընդամենը երեք ամիս։ Ոչ մեկը մյուսին խանգարելու իրավունք չունի։
Պատերազմի ժամանակ տեղի է ունենում տխուր իրադարձություն։ Գնդապետ Տեր-Զաքարյանի (Արմենի հայրը) անփույթ սխալի հետևանքով բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվում։ Արմենը կամավոր մեկնում է պատերազմ։ Լևոնի ուշադրությամբ ու հոգատարությամբ շրջապատված Աննան մեկնում է Մոսկվա, ուր և շուտով ամուսնանում է նրա հետ։ Տիգրանը մնում է մենակ՝ առանց սիրած աղջկա, և նրան այլևս անիմաստ է թվում գյուղական ուսուցչի կերպարը։ Եվ նա ընկերոջ ետևից մեկնում է ռազմաճակատ՝ Երևանում թողնելով հարազատներին (խիստ ու բազմակողմանի զարգացած պապին և խուլ ու համր քրոջը՝ Սոֆիին)։ Երիտասարդ տղաները դեռևս չեն գիտակցում, որ 25 տարի անց հենց իրենց սերունդն է նույնացվելու անկախ Հայաստանի առաջին քայլերի հետ՝ իրենց բոլոր սխալներով, հավատով և ռոմանտիզմով հանդերձ։
Միախառնվում են թեթև հումորը և պատերազմական շրջանի ճակատագրերի ողբերգությունը։ Մի անգամ Տիգրանը նկատում է, թե ինչպես է հատուկ նշանակության ջոկատի սպաներից մեկը՝ Արմանը, մարտից առաջ սովորում խուլ ու համրերի՝ ժեստերի լեզուն։ Նա սովորում է այդ լեզուն, որպեսզի կարողանա շփվել այն աղջկա հետ ում սիրահարվել է։ Տիգրանը հասկանում է, որ խոսքը վերաբերում է իր քրոջը՝ Սոֆիին։ «Եթե մարտից առաջ քո մեջ ուժ ես գտնում սովորելու այդ լեզուն,- ասում է Տիգրանն Արմանին, – ապա աշխատիր չզոհվել»։ Ճակատամարտերից մեկի ժամանակ Տիգրանը հանդիպում է Արմենին, որին ամբողջ ժամանակ փնտրում էր։
Քաղաքի սովորական տղան դառնում է հերոս՝ պատերազմի հերոս, նաև՝ ֆիլմի հերոս։ Հերոս, որին հանդիսատեսը հասցնում է սիրել ու ապրումներ ունենալ նրա համար։

Ֆիլմի մասին
Ֆիլմում օգտագործվել են վավերագրական կադրեր Շուշիի ազատագրումից։ Պատերազմական տեսարաններին իրական շունչ փոխանցելու համար կիրառվել են իրական զինտեխնիկա, պայթուցիկներ, ուղղաթիռներ ու այլ զինամթերք։ Նկարահանումները տեղի են ունեցել Երևանում, Գորիսում, Արցախում, Իջևանում և այլ վայրերում։

Դերերում
Սամվել Թադևոսյան – Տիգրան
Անի Խաչիկյան – Աննա
Հայկ Պետրոսյան – Լևոն
Սամվել Թոփալյան – Արման
Հայկ Մարգարյան՝ ՀՏ Հայկո – Արմեն
Ռուդիկ Մարտիրոսյան – Էդո
Էլեն Սարգսյան – Սոֆի
Նանոր Պետրոսյան – Սալբի
Գեորգի Հովակիմյան – Սուրեն
Նելլի Խերանյան – Կլարա
Էդմոնդ Պողոսյան – Գնդապետ Տեր-Զաքարյան
Հայկ Կլեկչյան – Տոֆիկ
Գեորգի Թերջանյան – Այազ
Դաւիթ Յակոբեան –
Նկարահանող խումբ
Սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր՝ Մհեր Մկրտչյան
Բեմադրող օպերատոր՝ Վահագն Տեր-Հակոբյան
Կոմպոզիտոր՝ Արմեն Մարտիրոսյան
Սաունդթրեքի հեղինակ՝ Արթուր Գրիգորյան
Գլխավոր պրոդյուսերներ՝ Ռուբեն Ջաղինյան
ՊրոդյուսերԿարեն Ղազարյան Գործադիր պրոդյուսեր Լիլիթ Մարտիրոսյան
Հետարտադրության պրոդյուսերՎահան Հովհաննիսյան Ֆիլմի տնօրեն Արմեն Միրիմանյան

Մրցանակներ
«Տարվա լավագույն ֆիլմ», Pan Armenian Entertainment Awards, 2016

Դիտել Մաս 1, Մաս 2


Աղբյուր՝ https://hy.wikipedia.org