Յանկարծ լըսեցին ձիան տրոփ հեռուանց,
«Այս ո՞վ է, տղե՛րք, ասին Հայք միմեանց,
Գիշերուայ ժամին ուզեց թըշնամին
Վրէժխնդիր լինել ցերեկուայ անցքին»։
Բայց չէ՛, վա՛յ նոցա, վատթար տեսարան
Ապշած աչքերնուն եկաւ յանդիման,
Չէ՛ր արթուն հայոց անկոչ այցելուն,
Սարսած թշնամին տարաժամ պահուն.
Վարդանն էր, որին յուսահատ, տրտում
Որբացած հայերն էին պըտրտում,
Վարդանն էր… բայց ի՞նչ վիճակի հասած,
Արիւնաթաթաւ, սրտին նետ ցըցուած,
Աչքերը մըթնած, երեսը դժգոյն,
Վէրքիցը ծործոր կաթում էր արիւն։
Երկու մանկլաւիկ բռնած ձեռներից՝
Կիսամահ քաջին իջուցին ձիից.
Բայց այն սուրբ աչերն, դէմքը հրաշալի,
Չէին կըրում հետք մահուն երկիւղի.
Նորա թուլացած բազկից այն ժամին
Չար մահ կըստանար նորա թըշնամին,
Թէ որ խիզախէր գալ նորա առաջ –
Այսպէս մօտ մահուն նա միշտ մընաց քաջ։
«Տղե՛րք, ասաց նա, ձայնով դողդոջուն,
Ուզացի ձեզ տալ իմ յետին ողջոյն,
Ձեզ հետ գրկախառն, ձեզ համբոյր տալիս,
Հանգիստ աւանդել այս շունչը վերջիս։
Ժա՛մ է ժամ թողնել Աւեր Հայաստան,
Ուր քար չի մնաց պինդ քարի վրան,
Մենք էլ հետևողք նախնեաց աւանդին,
Ստրուկ չենք լինել երբէք օտարին.
Լա՛ւ է մեր կեանքը կարճանայ սըրով,
Քանց հալուի, մաշուի թշնամու լըծով.
(Իմ հինգ տարեկան հասակէս ի վեր
Այսպէս տալիս էր ծնողն իմ պատուէրք)
Ցաւո՛ւմ է սիրտըս ոչ նետի խոցից,
Ցաւո՛ւմ է որ շուտ գնում եմ ձեզնից.
Որ չեմ կարենում ձեզ հետ միասին
Արեան դաշտի մէջ փըչել իմ հոգին.
Վա՛յ թէ դուք մենակ վըհատիք ահից,
Դողաք, սասափիք վերահաս մահից.
Թուրն ու ասպարը մի կողմը գլորէք,
Պարսկին կամաւոր ձեզ գերել թողնէք.
Ա՜խ, քա՛ջ իմացէ՛ք, ես թէև թաղած,
Պիտի վեր կենամ հողից կատաղած.
Նորից նոր առնում ձեռըս թուր ու տէգ
Ու ձեզ անողորմ խողխողեմ մէկ մէկ։
Անէծք եմ թողնում ես այն վատ Հային,
Որ ո՛չ ոխ, այլ սէր ցոյց տայ գոռ Պարսկին.
Այդ անհաշտ ոխը հիմկուց ցեղէ ցեղ
Պիտի տարածեն Հայքն ամէն տեղ։
Թո՛ղ կորչին ազգեր երկրի երեսից,
Հայը միշտ անհաշտ պիտ մնայ Պարսից.
Ստուերըս երբէք չի մնայ անդորր,
Այս թըշուառ դաշտում կըշրջի մոլոր.
Մինչև այն ժամը, ժա՛մ օրհասական,
Երբ Պարսիկն կամ Հայն կըլինի կործան,
Արեան դաշտի մէջ մորթելով իրար.
Լոկ այն ժամանակ կառնում ես դադար.
Դէ՛հ, մնա՛ք բարև։ Տէ՜ր, ա՛ռ իմ հոգին.
Կամ ազատ կեանք, կամ մահ ազնիւ տո՛ւր Հային»։
Լըռեց ու իսկոյն նետը մահաբեր
Հանեց աներկիւղ կողմից անվեհեր։