Հազարամյակներ շարունակ հայոց ազգային բանակի դերակատարումը վճռորոշ դեր է ունեցել ոչ միայն հայ ժողովդի ազատության ու անկախության համար մղվող պայքարում, ազգային ու բարոյական արժեքների պահպանման գործում:
Դեռևս 5-8-րդ դարերում օտար տիրապետության դեմ ազատագրական պատերազմներն առաջնորդել են հայոց զորքի գլխավոր հրամանատարները, ովքեր ոչ միայն սեփական օրինակով, այլև իրենց պատգամ-հրահանգներով կառուցել են հայ զինվորականության գաղափարական և բարոյահոգեբանական արժեքների համակարգը:
Հայ զինվորականների վարքականոնի դրույթները վեր են հանվում հայ պատմիչների գործերում: Փավստոս Բյուզանդը «Հայոց Պատմություն» աշխատությունում հիշատակում է սպարապետ Մանվել Մամիկոնյանի (ծն. թ. անհայտ-մահ. 384թ.) պատգամը իր որդի Արտաշիրին՝ «զտէրութիւն իւր և զսպարապետութիւն զօրավարութեանն իւրոյ» նրան հանձնելու պահին. Եվ պատվիրեց նրան… «պատերազմի՛ր և անձը քո զոհի՛ր հանուն Հայոց աշխարհի, ինչպես քաջ նախնիներդ են այս աշխարհին սիրահոժար զոհաբերել իրենց կյանքը»։
Անձը հանուն հայրենիքի զոհելու նույն գաղափարախոսությունն է քարոզում նաև Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատությունում. հայ ռազմիկ-թագավոր Արամի մասին հիշատակելով իբրև աշխարհասեր և հայրենասեր մարդ՝ լավ էր համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես օտարածինների որդիք ոտնակոխ են անում իր հայրենիքի սահմանները և օտար մարդիկ տիրում են իր արյունակից հարազատների վրա:
Փավստոս Բյուզանդը առանձնացնելով հայոց զորքերի գլխավոր հրամանատար Մուշեղ Մամիկոնյանի (ծն. թ. անհայտ-մահ. 376թ.) անձնական առաքինություններն և հայրենիքին մատուցած ծառայությունները ՝ կարծես թվարկում է հայ զինվորականի՝ Հայաստան պետության և հայ ազգի առջև ստանձնած պարտքը:
Մեծ զորավարի անձնական կյանքի օրինակը, նրա բարոյական արժեքները, հայրենանվեր պատվիրանները հիմք են հանդիսացել կազմելու հայ զինվորականի գաղափարական-բարոյահոգեբանական արժեհամակարգի և պատվո վարքականոնի դրույթները:
1. Հավատարմություն և անձնուրաց ծառայություն անկախ Հայաստան աշխարհին, երկրին ու թագավորությանը։
2. Ասպետական պատվի և համարումի («քաջի անվան») անբիծ պահպանում, հարկ եղած դեպքում՝ նաև կյանքի գնով։
3. Հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի պետական համակարգի ամենակարևոր նվիրագործված հաստատությանը՝ Հայաստանի թագավորին (Արշակունի «բնիկ տերերին»)։
4. Հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի ժողովրդին, բոլոր բնակիչներին անխտիր՝ անկախ նրանց սոցիալական ծագումից և դիրքից։
5. Քրիստոնեական հավատի և ազգային եկեղեցու նկատմամբ բարեպաշտ վերաբերմունք և դրանց անձնուրաց պաշտպանություն։
6. Նվիրվածություն ընտանիքին։
7. Նվիրվածություն տոհմակիցներին։
8. Հավատարմություն զինակիցներին։
Հետաքրքիրն այն է, որ հայ զինվորականի վարքականոնի դրույթներից որոշները նկատելիորեն նման են միջնադարյան եվրոպացի ասպետների և ճապոնական սամուրայների պատվո վարքականոններում եղած տարրերին։
Օրինակ, ճապոնական սամուրայների պատվո վարքականոնները սահմանում են.
1. Հիշի՛ր, մահդ չի գցում քո արժանապատվությունը։ Մահը չի պատվազրկում։
2. Պարտքի կատարումդ պետք է լինի անթերի, իսկ անունդ՝ անբիծ։
3. Ռազմիկը յուրացնում է սամուրայի ուղին այն ժամանակ միայն, երբ նա արդեն մշտապես պատրաստ է լինում մահվան։
4.Սամուրայը պարտավոր է տալ իր իշխանին իր հոգին և մարմինը։
5.Նա պետք է լինի իմաստուն, գթասիրտ և քաջ։
6. Ծնողների հանդեպ լինել հարգալից։
Իսկ Եվրոպայում ասպետները մեկ ընդհանուր օրինականացված գրավոր վարքականոն չեն ունեցել, բայց և այնպես մասնագետներն առանձնացրել են ասպետական վարքագծի հետևյալ պարտադիր պահանջները՝ հիմնվելով նրանց աղոթքների և պահպանված զանազան աշխատությունների ու տեքստերի վրա.
1. Հավատարմություն գերակային,
2. Անվեհեր քաջություն, վտանգների և դժվարությունների արհամարհում,
3. Քրիստոնեական եկեղեցու և նրա պաշտոնյաների պաշտպանություն,
4. Օժանդակություն ասպետական տոհմերի որբացած և տկար անդամներին, առատաձեռնություն, 5. Աստծու և մարդկանց առջև անբիծ կյանքի վարում։
Ինչպես տեսնում ենք, արժեահամակարգային ընդհանրություններ կան, իսկ պատվո վարքականոններում միևնույն պահանջն է՝ կյանքից վեր գնահատել պատիվն ու հավատարիմ ծառայությունը :
Հիմք՝
Արմեն Այվազյան «Հայ զինվորականության պատվո վարքականոնը (4-5-րդ դարեր)»
Աղբյուր՝ https://www.dasaran.net