«Սպարտակ», Արամ Խաչատրյանի բալետն է՝ գրված 1954-ին, լիբրետոն՝ Նիկոլայ Վոլկովի։ Առաջին անգամ բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի օպերայի և բալետի Մարիինյան թատրոնում։ Լիբրետոյի հիմք է ծառայել Ռաֆայելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը։ 1959 թվականին բալետն արժանացել է ԽՍՀՄ Լենինյան մրցանակի։ Պատկերված են մ.թ.ա. 74-71-ին Հին Հռոմում թրակիացի Սպարտակի առաջնորդությամբ ստրուկների ապստամբության դեպքերը։ Չորս գործողությամբ մոնումենտալ ստեղծագործություն է՝ բազմապլան դրամատուրգիայով, սուր հակադրություններով և հոգեբանական ու զգացմունքային դիպուկ բնութագրերով։ Լիբրետոյի հիմքում ազատության պայքարի համամարդկային գաղափարն է, որը պատկերված է ելևէջային ոլորտներով։ Սպարտակի բարոյական գեղեցկությանը, հարուստ ներաշխարհին, վեհ ձգտումներին հակադրվում են իրավազրկության բռնությունը, դաժանությունը մարմնավորող կերպարներն ու գաղափարները։ Բալետի կերպարային և դրամատուրգիական կարևոր, ձևակառուցող տարրը գլխավոր գործող անձանց բնութագրող լեյտմոտիվներն են, որոնց լայն կիրառման շնորհիվ բալետի երաժշտությունն ընկալվում է որպես միասնական կուռ կառուցվածք ունեցող սիմֆոնիկ կտավ, հեղինակի բնորոշմամբ՝ «խորեոգրաֆիկ սիմֆոնիա»։ «Սպարտակի» երաժշտական լեզուն հարուստ է ու ինքնատիպ՝ ազգային վառ նկարագրով։
Ստեղծման պատմություն
1941 թվականի դեկտեմբերին, Հայրենական մեծ պատերազմի այդ ամենաողբերգական օրերին, Արամ Խաչատրյանը պարբերական մամուլում հոդված հրապարակեց՝ տեղեկացնելով իր առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին. «1941 թվականին ԽՍՀՄ-ի Մեծ թատրոնի պատվերով, համագործակցելով լիբրետիստ Նիկոլայ Վոլկովի և բալետմաստեր Իգոր Մոիսեևի հետ, ձեռնարկում եմ «Սպարտակ» բալետի ստեղծումը։ Այն պետք է լինի մոնումենտալ և հերոսական ներկայացում, որը խորհրդային քաղաքացուն կներկայացնի հին աշխարհի պատմության լավագույն մարդուն»։ Սպարտակի կերպարը վաղուց էր գրավել Խաչատրյանին, և այժմ նրան թվում էր, որ առավելապես Սպարտակն է իր մեջ խտացնում այն ըմբոստ նկարագիրը, որն այդ օրերին դրսևորվում էր միութենական ժողովուրդների կատաղի պայքարի մեջ՝ ընդդեմ ֆաշիստ նվաճողների։ Այդ մասին կոմպոզիտորն անդրադարձել է իր մի հոդվածում, գրելով. «Ոմանք զարմացած էին, որ այս թեման եմ ընտրել՝ դիմելով պատմական այդքան խորն անցյալին։ Բայց ինձ թվում է, որ Հին Հռոմում Սպարտակի և ստրուկների ապստամբության թեման մեր օրերում հսկայական նշանակություն և հասարակական հնչեղություն ունի։ Անհրաժեշտ է, որ ժողովուրդներն իմանան և հիշեն նրանց անունները, ովքեր մարդկության պատմության արշալույսին քաջաբար ծառացան ստրկատերերի դեմ՝ հանուն իրենց ազատության ու անկախության»։ Լիբրետիստ Ն. Վոլկովը «Սպարտակի» վրա սկսել էր աշխատել դեռ 1933 թվականից՝ խորհրդակցելով գեղանկարիչ Ֆ. Ֆյոդորսկու և բալետմայստեր Ի. Մոիսեևի հետ, որոնք վաղուց էին երազում բեմադրել նման ներկայացում։ Լիբրետոյի վրա աշխատելիս Վոլկովը մեծապես օգտվել է անտիկ շրջանի աղբյուրների վկայություններից, հատկապես Պլուտարքոսի «Զուգահեռ վարքագրություններից» և Յուվենալիսի կատակերգություններից։ Բացի դրանից, լիբրետիստը հիմնվել է Լ. Ֆրիդլենդերի «Հռոմի կենցաղային կյանքի պատկերներ» հոդվածում և խորհրդային գրող Ալեքսանդր Միշուլինի «Սպարտակի ապստամբությունը» գրքում տեղ գտած առատ տեղեկությունների, ինչպես նաև իտալացի արձակագիր Ռաֆայելլո Ջովանյոլիի «Սպարտակ» պատմավեպի և Սպարտակի մասին Մ. Օլիվիեի պատմական ժամանակագրության վրա։ Ըստ Վոլկովի՝ բալետը կառուցված է ինչպես ողբերգություն՝ Սպարտակի մասին, ինչպես պատում՝ փառահեղ առաջնորդի մասին, որի խելամտությունը, կամքը, վեհ գաղափարները հաղթահարում են իր ժամանակի թելադրած սահմանափակումները և դառնում հավերժական խորհրդանիշներ՝ իշխող և բռնակալ դասակարգի դեմ ժողովուրդների ըմբոստության։ Սակայն բալետի ստեղծման աշխատանքները հետաձգվեցին երկար տարիներ։ 1950 թվականին Արամ Խաչատրյանն այցելեց Իտալիա, տեսավ Կոլիզեումը, Ապպիոսյան ճանապարհը։ Հավանաբար հենց այս տպավորություններով է պայմանավորված վերադարձը բալետի աշխատանքներին։ Երաժշտության վրա կոմպոզիտորն աշխատեց երեք ու կես տարի. պարտիտուրան ավարտվեց 1954 թվականի փետրվարին։
Երաժշտությունը
«Սպարտակ» բալետի երաժշտության վրա Արամ Խաչատրյանն սկսել է աշխատել 1950 թվականին։ Սցենարի հեղինակ Նիկոլայ Վոլկովը թեև օգտվել էր անտիկ շրջանի մատենագիրներ Ապպիանոսի ու Պլուտարքոսի ստեղծագործություններից, սակայն բալետի սյուժեում ներմուծել էր և նոր հերոսներ՝ Էգինային ու Հերմոդիուսին։ Դավաճանության մոտիվը, որպես ապստամբության ու հեղափոխության տապալման պատճառ, այդ շրջանում բնութագրական էր և գրեթե պարտադիր խորհրդային արվեստի գործերում։ Բալետի երաժշտությունը հագեցած է ցայտուն հակադրություններով. Հռոմի ցնծությունը և պարտվողների տառապանքը, գլադիատորական դաժան մարտերը և հերոսական ապստամբությունը, նուրբ քնարական տեսարանները և հաղթանակների ու պարտությունների դյուցազնական պատկերները։ Ստեղծագործական վառ երևակայությամբ են գրված նաև եգիպտացի պարուհու, աթենացի խեղկատակի և գադիտանների բնութագրական պարեղանակները։ Ընդհանուր առմամբ, բալետը կառուցված է հերոսական դրամայի ոգով, որի կենտրոնական կերպարը Սպարտակն է։ Չնայած այն հանգամանքին, որ բալետի երաժշտությունը համարակալված է սովորականի պես, հզոր սիմֆոնիկ զարգացումը ջնջում է համարների միջև սահմանը՝ զգացմունքայնորեն ընդհանրացնելով դրամատիկ իրադարձությունները։
1954 թվականին, պարտիտուրայի ավարտից հետո, համերգներում սկսեց հնչել նոր բալետի սուիտը՝ լայնորեն ճանաչվելով ունկնդրի կողմից։
Աղբյուր՝ https://hy.wikipedia.org
https://youtube.com
https://youtube.com