Նելսոն Ստեփանյանը 1914թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: 1930թ. գերազանցությամբ ավարտել է Բաքվի ռազմական ուսումնարանը, 1935թ.` Բատայսկի (ՌԽՖՍՀ) քաղաքացիական նավատորմի օդաչուական դպրոցը, որտեղ 1935-1938թթ. աշխատել է որպես հրահանգիչ-ուսուցիչ: 1938-1941թթ. սովորել է Միներալնիե Վոդի քաղաքի օդաչուական բարձրագույն դասընթացներում:
Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) սկզբին Ստեփանյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ. ծառայել է Սևծովյան ռազմական նավատորմում: «Իլ-2» գրոհային ինքնաթիռով կործանիչ հարվածներ է հասցրել գերմանական զորամիավորումներին Զապորոժիեի, Պոլտավայի, Օդեսայի, Կախովկայի շրջաններում:
1942թ. նշանակվել է 57-րդ գրոհային ավիագնդի հրամանատար, բայց նրան ճակատից հետ են կանչել, հանձնարարել կադրերի պատրաստման աշխատանք Բալթիական նավատորմի ռազմածովային ուժերի թռիչքային և բարձրագույն սպայական դասընթացներում: Սակայն խնդրանքներին տեղի տալով՝ նրան կրկին տեղափոխել են ռազմաճակատ:
1944թ.-ի ապրիլին գունդը գործուղվել է Ղրիմ, որտեղ Ստեփանյանն աչքի է ընկել հատկապես Սևաստոպոլի, Թեոդոսիայի, Սուդակի մարտերում: 1944թ. Բալթիական նավատորմի կազմում մասնակցել է թշնամու ուժերի ոչնչացմանը Ֆիննական ծոցում, Մերձբալթիկայից ֆաշիստների դուրսմղմանը:
1944թ.-ի օգոստոսի 20-ին (զոհվելուց մոտ 4 ամիս առաջ) երկրորդ անգամ է ներկայացվել հերոսի կոչման: Զոհվել է դեկտեմբերի 14-ին, Բալթիկ ծովում՝ Լիեպայա քաղաքի մերձակայքում՝ այրվող օդանավն ուղղելով դեպի թշնամու նավախումբը և ապահովելով զինակիցների հաղթանակը: Նրան հետմահու երկրորդ անգամ շնորհվել է ԽՍՀՄ հերոսի կոչում (1945թ.):
Ստեփանյանը կատարել է 289 մարտական թռիչք՝ խորտակել է 18 ռազմանավ, ոչնչացրել 85 տանկ, 600 ավտոմեքենա, 140 զենիթային ու դաշտային հրանոթներ, 150 գնդացրային կետ, 40 երկաթուղային վագոն, 4 լաստանավ, 27 ինքնաթիռ:
Նելսոն Ստեփանյանի կյանքի և սխրագործությունների մասին գրել են հայ, ռուս, լատիշ գրողներ ու բանաստեղծներ: Ստեփանյանի կիսանդրիները տեղադրվել են Շուշիում, Երևանում, Ստեփանակերտում, հուշարձանը՝ Լիեպայայում (ԽՍՀՄ փլուզումից հետո տեղափոխվել է Կալինինգրադ):
Նրա անունով ԽՍՀՄ տարբեր քաղաքներում կոչվել են փողոցներ, դպրոցներ, մանկապատանեկան կազմակերպություններ և մեծ ձկնորսանավ, թողարկվել է նամականիշեր: Երևանի թիվ 71 դպրոցում ստեղծվել է հերոսի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարան:
Աղբյուր՝ https://hy.wikipedia.org