Հրայր Դժոխք

Հրայր Դժոխք կամ Ուրվական, ծնունդով՝ Արմենակ Մամբրեի Ղազարյան  ծնվել է 1864, Բիթլիսի վիլայեթ – 1904, հայդուկապետ, ռազմական տեսաբան, Արևմտահայ ազատագրական պայքարի մեծագույն ղեկավարներից մեկը, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ։ Սկզբում կարճ ժամանակով եղել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամ։

Հրայր Դժոխք 

Իրականացրել է կազմակերպչական գործունեություն։ Առաջնորդվելով ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովի որոշումներով՝ փորձել է կասեցնել ֆիդայական կռիվները և կազմակերպել միասնական ապստամբություն։

Արմենակ Ղազարյանը 1890 թվականից մասնակցել է հայ ազատագրական շարժումներին։ 1891-1894 թվականներին Սասունի ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից է եղել։ Մասնավորապես, Գևորգ Չաուշը կռվել է նրա ցուցումներով։ Աչքի է ընկել Տալվորիկի կռվում (1893), որտեղ ապահովել է հայերի փայլուն հաղթանակը։

1893 թվականից Հնչակյան կուսակցության անդամ է եղել։ Նրա գործընկերներն էին հանրահայտ հնչակյաններ Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճյան) և Միհրան Տամատյանը։ Հրայրը հնչակյան կուսակցության հիմնադիրն էր Սասունում և Տարոնում։

Հրայր Դժոխքը վերադարձել է Ղզլաղաճ և ձեռնամուխ եղել ընդհանուր ապստամբության կազմակերպմանը։ 1904 թվականին մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ Սասունի ապստամբության ամենաթեժ պահին, Հրայրի և Վահանի հրահանգի համաձայն, թուրքական հարձակման ենթակա գյուղերի բնակիչները պետք է աստիճանաբար նահանջեին դեպի Սասունի կենտրոնական շրջանները։ 1904 թվականի ապրիլի 13-ին, երբ թուրքերի գերակշիռ ուժերը հարձակվել են Գելիեգուզանի ուղղությամբ՝ փորձելով փակել |իշխանաձորցիների նահանջի ճանապարհը, Հրայրն ընկերներով փորձել է փակել թուրքերի ճանապարհը։ 1904 թվականին Սեմալի անկումից և ապրիլի 13-ին Հրայրի մահից հետո՝ ապրիլի 16-ին մարտերը շարունակվել են Իշխանաձորում և մինչև երեկո հաջողվել է կասեցնել թշնամու առաջխաղացումը։

1904 թվականի ապրիլի 13-ին, Գելիեգուզանի ուղղությամբ թուրքերի դեմ կռվի ժամանակ Հրայրը նկատելով, որ Սեպուհը վիրվավորվել է, նետվում է վերջինիս օգնության։ Սեպուհը փորձում է համոզել Հրայրին, որ վերադառնա, բայց Հրայրը Սեպուհին ծանր դրության մեջ միայնակ չի թողնում։ Հրայրն ի պատասխան ասում է. «Կամ կսպանվիմ, կամ քեզ էլ ազատելուց հետս կտանեմ»։ Նա կարողանում է Սեպուհին դուրս հանել մարտադաշտից, բայց մահացու վիրվավորվում է ճակատից և ընկնում մարտի դաշտում։

Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հրայրին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզանում՝ Սուրբ Կարմրավոր եկեղեցու բակում՝ Աղբյուր Սերոբի կողքին։

Աղբյուր՝ https://hy.wikipedia.org