– Ֆիդայիների օրենքով դու զրկվելու ես թագ ու պսակից։ Հայտնի՞ է քեզ։
– Հայտնի է։
– Երդվիր ուրեմն, որ մինչ ի մահ պսակված կմնաս զենքին։
֊ Երդվո՛ւմ եմ։ Մինչ ի մահ պսակված կմնամ զենքին։
֊ Երդվիր ուրեմն, որ քո տունը քարանձավը կլինի։
֊ Երդվո՛ւմ եմ։
֊ Քո բարձը քարը կլինի։
֊ Իմ բարձը՝ քարը։ Երդվո՛ւմ եմ։
֊ Երդվիր, որ անմեղ արյուն չես հեղի։ Կնոջ վրա ձեռք չես բարձրացնի։ Երեխայի վրա ձեռք չես բարձրացնի։ Կռվի մեջ ընկերոջդ չես լքի։
֊ Անմեղ արյուն չե՛մ հեղի, երդվո՛ւմ եմ։ Կնոջ վրա ձեռք չե՛մ բարձրացնի, երդվո՛ւմ եմ։ Երեխայի վրա ձեռք չե՛մ բարձրացնի, երդվո՛ւմ եմ։ Կռվի մեջ ընկերոջս չե՛մ լքի, երդվո՛ւմ եմ։
֊ Եթե երդմնազանց եղար, քո պարանոցին կմոտենա ֆիդայու արդար սուրը։
֊ Եթե երդմնազանց լինեմ, թո՛ղ իմ պարանոցին մոտենա ֆիդայու արդար սուրը։
֊ Սա Արմենակի զենքն է։ Այս զենքի տերը որ նահատակվեց, հերոս էր։ ՆԱՀԱՏԱԿ ՀԵՐՈՍԻ ԵՒ ՆՐԱ ԶԵՆՔԻ ՊԱՏԻՎԸ ԲԱ՛ՐՁՐ ՊԱՀԻՐ։