Բուլղարիայում Նժդեհի մասին ֆիլմ են նկարել

Գարեգին Նժդեհը պաշտպանել է թուրքերից ոչ միայն Հայաստանը, այլև Բուլղարիան։ Այժմ երկու երկրներում էլ ավելի մանրամասն կիմանան այդ մասին։ Բուլղարիայի մոռացված հերոսի մասին ֆիլմ են նկարահանել, հիմա էլ ուզում են հուշարձան տեղադրել։

© Military TV Channel, Ministry of Defence, Bulgaria

ԵՐԵՎԱՆ 28 հուլիսի – Sputnik. Բուլղարիայի պաշտպանության նախարարության «Վոենեն տելեվիզիոնեն կանալ» հեռուստաալիքը ֆիլմ է նկարահանել երկրի մոռացված հերոս Գարեգին Նժդեհի մասին։ Ե՛վ Հայաստանում, և՛ Բուլղարիայում քչերը գիտեն Առաջին բալկանյան պատերազմում նրա մարտական ճանապարհի մասին, երբ Նժդեհը կռվում էր բուլղարացիների ու հույների ազատագրման համար ու մեծ ներդրում է ունեցել Յավեր փաշայի բանակային կորպուսի հանդեպ հաղթանակում։

Բուլղարիայի Ազգային ռազմական արխիվում փաստաթղթեր են պահվում հայ կամավորականների ռազմական գործողությունների մասին։ Դրանք հավաքել ու ֆիլմի նկարահանման համար ներկայացրել է Բուլղարիայում ապրող գործարար, «Двор кириллицы» մշակութային համալիրի հիմնադիր Կարեն Ալեքսանյանը։

1906-07 թվականներին Գարեգին Նժդեհը սովորել է Բուլղարիայի փոխտեղակալների դպրոցում, կրտսեր սպա դարձել։

1911 թվականին ակնհայտ դարձավ, որ Օսմանյան Թուրքիան մեծ պատերազմ է պատրաստում քրիստոնյա աշխարհի դեմ։ Նժդեհը վերադարձավ Բուլղարիա ու սկսեց հայ կամավորական վաշտ հավաքել։ Այս ամենը պատմում է Բուլղարիայի Ազգային ու համաշխարհային տնտեսության համալսարանի պատմության պրոֆեսոր Տրենդաֆիլ Միտևը։

Կադր Նժդեհի մասին ֆիլմից
© Photo : Military TV Channel, Ministry of Defence, Bulgaria

«Դրա կազմում 226 մարդ կար։ Շատերը փախստականներ էին, որոնք Օսմանյան Թուրքիայում իրագործված ջարդերից հետո Բուլղարիա էին փախել։ Ընդ որում, նրանք նույնիսկ Բուլղարիայի քաղաքացիներ չէին, բայց ուզում էին ներդրում ունենալ այդ երկրի պայքարում», – ընդգծում է պրոֆեսոր Միտևը։

1912 թվականի սեպտեմբերին, երբ սկսվեց Առաջին բալկանյան պատերազմը, Նժդեհը Բուլղարիայի կառավարությանը հայկական կամավորական վաշտ ձևավորելու խնդրանք ներկայացրեց։ Նա միանգամից թույլտվություն ստացավ, ավելին՝ հայկական ջոկատը սեփական դրոշն ունենալու իրավունք էլ ձեռք բերեց։ Վաշտի հրամանատարը Գարեգին Նժդեհն էր, հանձնակատարը` հայ ազատագրական պայքարի մեկ այլ հերոս՝ Անդրանիկ Օզանյանը։ Նրանք կռվում էին գեներալ Նիկոլա Գենևի հրամանատարության ներքո։

Հայկական վաշտը մարտական մկրտություն է ստացել բուլղարական Մոմչիլգրադ քաղաքի ազատագրման ժամանակ։ Բուլղարացի ու հայ զինվորների շնորհիվ այդ քաղաքը սլավոնական անուն ունի։ Հակառակ դեպքում այն Մեստանլի կկոչվեր (հիմա Թուրքիան այն այդպես է կոչում), իսկ բոլոր բնակիչները թրքացված կլինեին։

Քաղաքի ազատագրման ժամանակ չորս հայ կամավորական է մահացել։ Նրանց անունները փորագրված են քաղաքն ազատագրողների հուշարձանի վրա։

Հայերն իսկապես հերոսաբար են կռվել Արևելյան Ռոդոպայի սարերում։ Նրանք հարձակում են գործել Օրլիցա գյուղում գտնվող թուրքական հենակետի վրա ու անցնելու տեղ բացել հիմնական բուլղարական զորքերի համար։ Դրանից հետո նրանք մասնակցել են Յավեր փաշայի բանակային կորպուսի շրջափակմանը Հունաստանի ներկայիս տարածքում՝ Կոմոտինի քաղաքում։

Առանց այդ հաղթանակի քաղաքը նույն ճակատագրին կարժանանար․ այն կկոչվեր Գյումյուլչինե, բոլոր բնակիչներն էլ կամ թուրքերի վերածված կլինեին կամ էլ կաքսորվեին։ Սակայն «անհաղթ» Յավեր փաշան շրջափակման մեջ էր ու ստիպված էր հանձնվել։ Այն մասին՝ ինչ դաս նրան տվեցին, մենք կպատմենք հոդվածի վերջում։

Բուլղարացիները սկսել են մոռանալ Անդրանիկին ու Նժդեհին. ի՞նչ խնդիրներ ունեն բուլղարահայերը

1913 թվականի հունվարին բուլղարական զորքերը (նորից հայկական վաշտի մասնակցությամբ) ևս մեկ լուրջ հաղթանակ ունեցան՝ հետ մղելով թուրքական բանակի տասներորդ կորպուսի ծովային դեսանտը։ Բուլղարական բանակը երեք օր պայքարել էր իրեն մի քանի անգամ գերազանցող ուժի դեմ։

Պատերազմից հետո Գարեգին Նժդեհը ստացավ ոչ միայն բուլղարական, այլև հունական շքանշաններ, նաև Բալկանյան ժողովուրդների հերոս շքանշանը։

«Մենք զարդարեցինք հայկական դրոշը խիզախության համար տրված բուլղարական մեդալներով», – ավելի ուշ գրել է Նժդեհը։

Նժդեհը խիզախորեն կռվել է, վիրավորում է ստացել, սակայն հրաժարվել է նույնիսկ իրեն հասանելիք զինվորական թոշակից։

«Նա կարծում էր, որ դա հակասում է իր սկզբունքներին․ եթե ինքն աշխարհազորային է, պետք է անշահախնդիր կերպով կռվի», – պատմում է Կարեն Ալեքսանյանը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Նժդեհը կռվել է ռուսական կայսերական բանակի կազմում ու պարգևատրվել մի քանի շքանշանով։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո նա հեռացել է Հայաստանից, քանի որ երկրի հարավը՝ Զանգեզուրը, պաշտպանում էր ադրբեջանական զորքերից ու ստիպված՝ Կարմիր բանակից, որին հրաման էր տրվել կռվել ադրբեջանական կոմունիստների կողմից (դրանք նախկին թուրքական ազգայնականներն էին, որոնք դեռ երեկ կռվում էին Կարմիր բանակի դեմ)։ Այդ պատճառով էլ խորհրդային իշխանության հաստատումից քիչ անց՝ 1921 թվականին, Նժդեհը լքեց Հայաստանը։ 1922 թվականին նա Բուլղարիա տեղափոխվեց, որտեղ 1932 թվականին թագավոր Բորիս III-ի հրամանով երկրի քաղաքացի դարձավ։

Կադր Նժդեհի մասին ֆիլմից
© Photo : Military TV Channel, Ministry of Defence, Bulgaria

«Անկասկած, ապագա միապետը ճանաչում էր գարեգին Նժդեհին դեռ պատերազմի տարիներից, քանի որ բուլղարական բանակի գլխավոր շտաբում կապի պետ էր», – ընդգծում է Ալեքսանյանը, որը Բուլղարիայի ազգային արխիվից ու այն ժամանակվա թերթերից բազմաթիվ փաստեր է հավաքել Նժդեհի մասին։

Մինչպատերազմական ժամանակներում Նժդեհը շատ էր տպագրվում արևմտահայկան ու բուլղարական թերթերում։ Ի թիվս այլոց, նա գրում էր նաև բուլղարական պոեզիայի դասական Պեյո Յավորովի մասին, որը գովերգում էր հայերին։ Նա գրել է «Արմենցի» («Հայերը») բանաստեղծությունը, որը հայտնի է բուլղարացի ցանկացած դպրոցականի։ Նժդեհն այն մարդկանցից էր, որոնք 30 թվականին դրամահավաք կազմակերպեցին Յավորովի հուշարձանի համար, որն այդ տարիներին տեղադրվել Սոֆիայում։

«Եթե բուլղարացի ժողովրդի կողմից մեր եղբայրության խորհրդանիշը դարձավ Պեյո Յավորովը, ապա մեր կողմից, կարծում եմ՝ Գարեգին Նժդեհն է», – ավելացրեց Ալեքսանյանը։

Շուտով նա ուզում է Պլիսկա քաղաքի (Բուլղարիայի հին մայրաքաղաքն է) «Двор кириллицы» համալիրում իրագործել նաև Նժդեհի հուշարձանի հանդիսավոր բացումը։ Այստեղ Ալեքսանյանը կրիրիլիցայով գրող գրողների հուշարձաններ է տեղադրում (մանրամասներն` այստեղ)։ Նրանց շարքում են բուլղարական, ռուսական, սերբական Ռուսաստանի ժողովուրդների գրողները։ Վերջերս այստեղ դրվեց նաև հայ գրող Լեոնիդ Գուրունցի հուշարձանը: Գուրունցը ծնվել է Ղարաբաղում ու ռուսերեն է գրել։ Նա մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

«Հիմա ուզում եմ Գարեգին Նժդեհի հուշարձանը դնել, քանի որ պատերազմների արանքում նա ակտիվ հրապարակախոս էր․ շատ է տպագրվել բուլղարերենով ու զգալի հետք է թողել բուլղարական հասարակական գաղափարների վրա։ Այսպիսով բուլղարացիները կկարողանան ավելի լավ ճանաչել մեր երկու ժողովուրդների հերոսին», – ավելացրեց Ալեքսանյանը։

Բուլղարիայում գրում էր ոչ միայն Նժդեհը, գրում էին նաև նրա մասին։ «Բոլգարսկի դոբրովոլեց» թերթի 1938 թվականի համարներից մեկում հիացմունքով նկարագրվում է 1912 թվականի թուրք գերիների շքերթը։

«Մեհմեդ Յավեր փաշայի կորպուսը 1912 թվականի նոյեմբերի 15 –ին շրջապատվել էր բուլղարացի ու հայ խիզախ աշխարհազորականների կողմից։ Բուլղարացի ժողովուրդը 500 տարի, իսկ հայ ժողովուրդը 700 տարի թուրքական լծի տակ է եղել։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ բավականություն էին զգում բուլղարացի ու հայ զինվորները, երբ մոտ երեք ժամ նրանց առջև խոնարհած գլուխներով անցնում էին 12 հազար ասկյար։ Դա կարող է հասկանալ միայն այս տեսարանն անմիջապես տեսնողը», – գրում է լրագրողը։

Այդ մարտը եղել է թուրքական Մերհամլի գյուղի մոտ։ Գարեգին Նժդեհի շնորհիվ հաջողվել է անկոչ հյուրերին վռնդել այնտեղից։ Հիմա դա Պեպլոսն է` հունական գյուղ, որը գտնվում է Ալեքսանդրոպոլ քաղաքի հարևանությամբ։

«Պապիս կնոջը թուրքը խլել է ու իր հարճը սարքել». ֆիդայի Սարգսի թոռը փնտրում է ազգականներին

Նժդեհի կիսանդրին արդեն պատրաստ է․ այն ոչ թե հայ, այլ բուլղարացի է սարքել։ Միջազգային ճանաչում ունեցող քանդակագործ է։ Ուզում են բացում անել անմիջապես ուղևորափոխադրումների վերականգնումից հետո։ Նժդեհի երկրորդ հայրենիքում ամեն ինչ պատրաստ է՝ և՛ հուշարձանը, և՛ վայրը։ Իսկ պատվանդանի տակի հողը բերվել է Նժդեհի առաջին հայրենիքից՝ Զանգեզուրի Խուստուփ լեռից։

Военните репортери: Скиталецът

Աղբյուր՝ https://armeniasputnik.am